Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Հիմնական Բաղկացուցիչները
Խաչը, խորանը, լուսային նշանները
Խաչքարային հորինվածքում խաչը հանդես է գալիս որպես նրա առանցքային բաղկացուցիչը, և մնացած բաղադրիչները պատկերագրական կերպավորում ու իմաստաբանական արժեք են ստանում խաչի հանդեպ ունեցած իրենց դիրքին ու կապին համեմատ: Խաչքարային հորինվածքը վաղ միջնադարից փոխառեց նախ և առաջ ձգված համամասնություններով ու բուսազարդային հավելումներ ունեցող խաչը: 9-10-րդ դդ. խաչի թևերն ավարտվում են զույգ բլթակներով, ապա ստանում են նաև երիցուկանման ծաղիկների, վարդյակների, շուշանի կամ արմավազարդի տեսք: Խաչի թևերի ձևավորման գործում ավելի հեռանկարային եղավ թևերի զույգ բլթակների եռապատկումը: 11-րդ դ. հորինվածքի և խաչի հյուսածո դառնալուն զուգահեռ, եռաբլթակի միջին բլթակը ձգվելով ձեռք է բերում բողբոջի կամ կանոնավոր նշազարդի տեսք` ողջ խաչին հաղորդելով տերևակալած ու բողբոջած արտաքին: Այն դարձավ կենտրոնական խաչի հիմնական տեսակը և հարատաևեց մինչև 18-րդ դ.: Խաչահատումը պատկերացվում էր որպես լույսի աղբյուր և դառնում ակնեղենի միջոցով շեշտադրվելու ենթակա: Սակայն ՙխաչն լուսո՚ պատկերացումը խաչքարային հորինվածքում ՙստվերվել՚ է խաչի կենացծառային ներկայացումով, և միայն եզակի արտահայտություններ է ունեցել` շեշտելով խաչի և Քրիստոսի արևային-լուսային գալուստը: Խաչքարային հորինվածքը հաճախ ներկայանում է նաև քիվին, վարդյակի հատվածում, եզրագոտիների վրա տեղադրված խաչերով: Կարելի է վավերացնել, որ խաչը հորինվածքի ամենաշարժուն բաղադրիչն է:
Խաչքարային հորինվածքի սկզբունքային տարբերությունը վաղմիջնադարյան խաչային հորինվածքներից կայանում է և նրանում, որ խաչքարը քանդակային, իսկ երբեմն էլ ծավալային միջոցներով խորանի մեջ առավ խաչը` տեսանելիորեն ցուցելով վերջինիս սրբազան ու երկրպագելի կարգավիճակը: Խաչի հետագա խորանայնացումը 11-րդ դ. հանգեցրեց որմնափակ խաչքարերի ստեղծմանը, որով խորանին տրվում էր նաև ճարտարապետական լուծում` էլ ավելի ընդգծելով ծիսապաշտամունքային պահը: 11-րդ դ. սկսած խորանն ու խաչը փոխադարձորեն համապատասխանեցվում են իրար: Արդյունքում` 12-14-րդ դդ. մի շարք խաչքարերում խորանն իր եզրագծերով փորձում է կրկնել խաչի ուրվագիծը` ավելի նմանվելով խաչի պահարանի: Քանի որ վաղ խաչքարերը զուրկ էին քիվերից, խորանն այդ հորինվածքներում ոչ միայն հավատացյալին ներկայացնում էր խաչի ծիսական (այսինքն պաշտելի-երկրպագելի) առումը, այլ նաև խորհրդանշում էր երկնային ոլորտն ու խաչի վերացական-տիեզերական չափումը: Հետագայում, խաչի, որպես սրբազան միջնորդի ընկալման աճին զուգահեռ երկնային ոլորտի ՙդերակատարումն՚ իր վրա է վերցնում քիվը, և խորանը խաչի նման դառնում է մի տեսակ միջանկյալ օղակ քիվի և վարդյակի (ընդհանրապես հորինվածքի ներքնամասի) միջև:
Լուսային նշանները խաչքարային հորինվածքում տեղադրվում են խորանի վերնամասում կամ քիվի վրա և կապվում են երկու թեմաների` խաչելության ու խաչի երկրորդ գալուստի հետ: Պատկերվում են արևն ու լուսինը, երբեմն` նաև մեկ աստղ: Արևը ներկայացվում է ավելի զարդարուն, քան լուսինն ու աստղը, երբեմն էլ լուսինը պատկերվում է մահիկի տեսքով: Ամենափրկիչ խաչքարերում արևն ու լուսինը մարդակերպություն են ստանում և պատկերվում համապատասխան կենդանակերպերի` արծվի և ցուլի մեջքերին:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը