Աշխարհիկ կոչվող պատկերաքանդակը, եթե բացառենք այլ տարածքների եզակի դրսևորումները ¥Իմիրզեկ, Ուրծ, Քանաքեռ, Կողես, Մամաս և այլն¤, իր լիարժեք արտահայտությունն ունեցավ Արցախի 12-13-րդ դդ. խաչքարերում` երևան բերելով ժողովրդական պատկերացումների մի շարք կողմերը: 15-17-րդ դդ. այն հանդիպում է նաև Ջուղայում, Գեղարքունիքում և Վայոց ձորում:
Արցախյան պատկերաքանդակները ներկայացնում են ռազմիկների, իշխանների և արհեստավորների, կանանց և երեխաների: Կարելի է առանձնացնել կռվի և խնջույքի, սգի, ՙընտանեկան դիմանկարի՚ թեմաները: ՙԿռվի՚ և ՙխնջույքի՚ թեման ներառում է ՙռազմական ուժի՚ ցուցադրությունը, որսը, գինու մատռվակումը, ծիսական ըմպումը և բուն խնջույքի տեսարանները: Այս քանդակների, մատենագրական և ազգագրական տեղեկությունների համադիր քննությունը հնարավոր է դարձնում վերականգնել մահը հաղթահարելու ժողովրդական աշխարհընկալման երկու հիմնական համալիրները` ՙհավերժ խնջույքն՚ ու ՙհավերժ կռիվը՚, և այդ տեսարանները համարել դրանց դասական արտահայտություն: ՙԸնտանեկան տեսարանների՚ դեպքում հանգուցյալի դերում հանդես են գալիս տան կրտսեր անդամները: Ընտանեկան ՙխմբաքանդակի՚ մի գերազանց օրինակ է ցուցադրում Քանաքեռում 1265թ. Պետևանի կանգնեցրած խաչքարը, ուր պատկերաքանդակները ներկայացնում են Պետևանին և նրա երեք որդիներին` յուրօրինակ մի ՙխմբաքանդակ՚, որ պիտի վերջին օրերին ներկայացվի Արդար դատաստանին: Խաչքարային պատկերաքանդակի մի քանի հորինվածքներ էլ, որ կարելի է անվանել ՙանմխիթար սգի՚ թեմա, ներկայացնում են հանգուցյալին և նրա մորը: Առանձին խումբ են կազմում աղոթողների քանդակները, սովորաբար հոտնկայս, բայց հաճախ էլ չոքած` ձեռքերը դեպի խաչը կամ առկա սրբազան կերպարը պարզած: Նման դերակատարումով հանդես են գալիս հենց հանգուցյալները, երբեմն էլ` խաչքարը կանգնեցնողները:
Դիտարկվող պատկերաքանդակները, բացառյալ վերջին խումբը, արտահայտում են գաղափարներ, որոնք կապ չունեն պաշտոնական քրիստոնեության հետ, թեև գտնվում են խաչի հարևանությամբ: Սակայն, ժամանակակիցների համար դա այնքան էլ հակասություն չէր. հավատը Արդար դատաստանի հանդեպ չէր բացառում և հավատը խնջույքի կամ կռվի միջոցով մահը հաղթահարելու հանդեպ: Հանգամանք, որն էլ պայմանավորել է զուտ ժողովրդական թեմաների պատկերումը խաչքարերի վրա: