Խաչքարի կերտման գործընթացն սկսվում էր քարատեսակի ¥հանքի¤ և սալաբեկորի ընտրությունից: Օգտագործվում էր տեղական հումքը, առաջնությունը տրվում էր դեղնա-կարմրավուն տուֆերին: Կարևորվում էր ապագա կոթողի չափերը: Խաչասալը նախ բերվում էր որոշակի կանոնավոր տեսքի, սրբատաշվում ու հղկվում էին ապագա քանդակի մակերեսն ու նեղ կողերը: Թիկունքը, եթե չէր նախատեսվում արձանագրության համար, միայն տաշում էին: Հղկված մակերևույթի վրա սկզբում ուրվագծվում էին ապագա հորինվածքի բաղկացուցիչները: Բազմապրոֆիլ ու համամասն երկրաչափական քանդակի ստեղծումը ենթադրում էր քանոնի և կարկինի օգնությամբ ճշգրիտ չափումներ: Կիրառվում էին նաև զանազան կաղապար-ձևահիմքեր ¥տրաֆարետներ¤: Միաժամանակ տարածում ուներ և առանց ուրվագծելու, միանգամից փորագրելը:
Փորագրությունն իրագործվում էր տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ: Քանդակի հիմնական տեխնիկան երկկողմանի հատումն էր, երբ երկու զուգահեռ գծերով ուրվագծում էին ապագա փորվածքի երկու եզրերը և այդ եզրերից անկյան տակ փորում էր մինչև մեջտեղի երևակայական գիծը: Փորվածքները հղկում էին մանր ավազով: Փորագրելու ընթացքում առաջացած փոքր ջարդվածքները և անհարթությունները վերացնում էին կավի կամ կրի սվաղով, ապա ներկում:
Հատուկ զգուշություն էր պահանջում կոթողի տեղափոխումը և տեղադրումը, ինչի մասին վկայում են նաև խաչքարերի վրա առկա ՙտեխնիկական՚ ելուստներն ու անցքերը ¥սալի ներքնամասում¤: Խաչքարային մի քանի հորինվածքների քննությամբ պարզվում է, որ կանգնեցումը կատարվում էր պարանների օգնությամբ: Խաչքարը կանգնեցնելու համար նրա պոչուկ-ելուստը մտցվում էր պատվանդանի վրա արված հատուկ փոսորակի մեջ և ամրացվում մանր քարերով ու կրաշաղախով: Պոչուկը պատվանդանին կամ քիվը սալին միացնելիս կիրառվել են նաև քարե, փայտե և մետաղե ամրակ-սեպեր:
Վարպետների անունների քանակով խաչքարերը զիջում են միայն ձեռագրերին: Մինչև 15-րդ դ. վարպետն իր անունը փորագրում էր ոչ այնքան աչքի ընկնող տեղում, երբեմն էլ` ՙթաքցնում՚ նախշերի մեջ: 15-17-րդ դդ., ընդհակառակը` վարպետների անունները տեղադրվում են հորինվածքի կենտրոնական հատվածներում: Վարպետների հիշատակությամբ շահագրգռված էին և պատվիրատուներըª դրանով ցուցելով սեփական ջանքերի չափը, քանի որ հայտնի վարպետին պատվիրելը ենթադրում էր մեծ ծախսեր: Խաչքարագործ վարպետի առաջին հիշատակությունը հայտնի է 9-րդ դ., ամենաշատ հիշատակություններն ընկնում են 13-րդ և 16-17-րդ դդ., ինչը համապատասխանում է խաչքարերի առավել տարածման ժամանակների հետ: Վարպետներն իրենց կոչել են գծող, գործող, կազմող, կազմիչ, յաւրինող, ձևող, նկարող, քարգործ, վարդպետ և այլն: Խաչքարակերտությունը եղել է միջանկյալ մասնագիտությունª ճարտարապետության և քարտաշության միջև, քանի որ ցանկացած խաչքար ստեղծելու և տեղադրելու համար պահանջվում էին ոչ միայն հորինվածքը գծող-քանդակողի մասնագիտություն, այլև քարտաշի, ճարտարապետ-շինարարի գիտելիքներ ու հմտություններ: Որոշ հայտնի վարպետներ ¥Վեցիկ, Խաչինեկ Անեցի, Սիրանես, Մոմիկ¤ համադրում էին իրար մոտ այս մասնագիտությունները: Փաստերը հավանական են դարձնում, որ խաչքարագործի աշխատանքը շինարարական մնացած մասնագիտությունների նման շրջիկ էր, իսկ ամենահայտնի վարպետները պատվերներ էին կատարում ողջ երկրով մեկ: Վարպետը հաճախ աշխատել է աշակերտ-օգնականի հետ, կային և արհեստավորների խմբեր: Վարպետների մեծ մասն աշխարհական էր, բայց քիչ չէին և հոգևորականները: Կային անգամ եպիսկոպոսներ, ինչը ցուցում է, որ խաչքար կերտելը պատվավոր զբաղմունք էր:
Խաչքարային հարյուրավոր արձանագրությունների քննությունը հավաստում է, որ խաչքար կանգնեցնելու առիթներն այնքան բազմազան են, ինչքան որ բազմազան էր միջնադարի կենսընթացը: Խաչքար կարող էր կանգնեցնել ցանկացած հավատացյալª ցանկացած առիթով, որը չէր հակասում ժամանակի քրիստոնեական աշխարհընկալմանն ու բարոյականությանը: Առիթը ներառում էր միջնադարյան հայ կյանքի համարյա ողջ դրսևորումներըª իր ուրախալի և ողբերգական կողմերով հանդերձ: Առավել կարևորվում էին հոգևոր կամ հասարակայնորեն կարևոր դիտվող առիթները: Լայնորեն տարածված էր և զուտ անհատական-անձնական շարժառիթներով խաչքար կանգնեցնելը: Խաչքար կանգնեցնելու փաստագրված առիթների թիվն անցնում է հիսունից: Դրանք կարելի է միավորել հետևյալ խմբերում. ա. աշխարհիկ և հոգևոր շինարարություն ¥պարսպի, աշտարակի, կամուրջի, հյուրատան, աղբյուրի, ջրատարի, եկեղեցու, մատուռի, գավթի և այլնի կառուցում, հիմնում կամ վերանորոգում¤, բ. տնտեսա-վարչական և համայնական գործունեություն ¥այգու տնկում, մշակահողի հիմնում, ջրօգտագործման կարգի սահմանում, սահմանների որոշում և վավերացում, բնակավայրի հիմնում, հրովարտակների ընդունում, պայմանագրերի կնքում, պաշտոնի ստանձնում, նվիրատվությունների վավերացում և այլն¤, գ. պատերազմ ¥ռազմական հաղթանակ, մասնակցություն պատերազմին, զոհեր, անհայտ կորածներ¤, դ. ընտանեկան-անձնական կյանք ¥զանազան իրավիճակներ, դժբախտություն, մահ և այլն¤, ե. կրոնական-միստիկ իրադարձություններ ¥տեսիլք, դավանափոխություն և այլն¤:
Խաչքարային արձանագրությունների և դավանաբանական-ծիսական համապատասխան երկերի համադիր քննությունը պարզում է, որ գոյություն է ունեցել խաչքարը կանգնեցնելու եկեղեցական հատուկ ծես, որը հանգել է խաչքարի օրհնությանը ¥աղոթք, ընթերցանություն, տյառնագրություն¤ և օծմանը ¥ՙսրբում՚ մեռոնով կամ ջրով ու գինով¤: Ծեսի հիմքն ընդհանուր քրիստոսաբանական այն ընկալումն էր, թե անշունչ նյութը չի կարող որևէ զորություն ունենալ, եթե Աստված բնակված չէ նրա մեջ: Փաստերը ցուցում են, որ խաչքար կանգնեցնելու իրավունքը ձեռք էր բերվում որոշակի վճարով: Հավանական է, որ նման ՙգործարքի՚ ծիսական արտահայտությունը հենց խաչքարի օծումն էր: Հատկապես ուշագրավ է գինով օծումը. խաչքարի դեպքում, որի հորինվածքի համարյա պարտադիր տարրերից էին ՙգինեբեր՚ խաղողի ողկույզները կամ նուռը, այն ընկալվում էր որպես աստվածային արյունով օծում: Խաչքարային բազմաթիվ արձանագրություններ խաչքարը ներկայացնում են հենց որպես աստվածային արյամբ օծված: Օրհնվելուց և օծվելուց հետո խաչքարն արդեն իր մեջ կրում էր աստվածային զորությունը, և այդ իսկ պահից սկսվում էր նրա սրբազան գործառույթը, ինչպես նշում է Գառնիի 1216թ. մի խաչքարի արձանագրություն. ՙՏէր Յիսուս ի սմա՚:
Կարելի է հավաստել, որ խաչքար կանգնեցնելու հիմնական խթանն ակնկալիքն էր կամ նպատակը: Առանց այդ նպատակի, որը կարելի է բնորոշել որպես ապագային ուղղված սրբազան գործառույթ, խաչքարը կդառնար ուղղակի պատմական քրոնիկոնª զրկված կենսընթացին մասնակցելու որևէ հնարավորությունից: Ի տարբերություն առիթների` խաչքար կանգնեցնելու նպատակները շատ ավելի սահմանափակ են և, ըստ էության, հանգում են խաչի հիմնական սրբազան գործառույթներինª օգնություն, պաշտպանություն-պահպանություն, հաղթանակ, երկար կյանք, հիշատակ, հոգու փրկությանն ուղղված բարեխոսություն կամ միջնորդություն: Նման նպատակամիտված սրբազան գործառույթի դեպքում է, որ լիովին երևան է գալիս խաչքարիª որպես ապագային ուղղված մի գործուն համալիրի կերպարը, որը համադրում է խաչի միջնորդ ու փրկագործական զորությունը, գրի ու պատկերի հիշատակարանային բնույթը, խորանիª աղոթատեղի լինելու ծիսական գործառույթը, քարակոթողի մշտականության-հավերժության խորհրդանշելու ավանդույթը:
Դասական խաչքարը անհատական կոթող էր և դրանում էր նրա ամենաէական տարբերություններից մեկը կրոնական-հոգևոր այլ կառույցներից, դրանով էր պայմանավորված նրա զանգվածային տարածումը: Միաժամանակ, բացօթյա տեղադրությամբ և բոլորին խաչին երկրպագելու հրավիրող արձանագրությամբ այն բաց էր ցանկացած հավատացյալի համար: Կարելի է հավաստել, որ խաչքարի ամենաառաջնային գործառույթներից մեկը հենց աստվածային զորության և նրա նշանի հետ հավատացյալների անմիջական ¥ոչ միջնորդավորված¤ սրբազան կապի ապահովման գործառույթն էր: Քննությունը ցուցում է, որ խաչի սրբազան գործառույթը նախ և առաջ ուղղված էր ապագայինª երբեմն մոտակա, բայց հիմնականումª հեռավոր: Խաչը ներկայանում էր որպես հիշատակը պահող ու փոխանցող առ աստված, բարեխոսող առ աստված, առաջնորդող դեպի երկրորդ գալուստը, երկրորդ գալուստը ցուցող: Այսինքն, ակնհայտ է խաչի` մարդկանց և աստծո միջև միջնորդի հիմնարար գործառույթը: Միջնորդի գործառույթ են իրականացնում նաև եկեղեցին, սրբերը, զանազան մասունքները, գիրքը: Սակայն, հայ քրիստոնեությունը միջնորդների այդ շարքում առանձնակի տեղ հատկացրեց խաչին: Խաչի ժողովրդականացման հետևանքով խաչքարը դարձավ ամենամատչելի, հաղորդակցման համար ամենաքիչ ծեսեր ու պայմանականություններ պահանջող սուրբը:
Յուրաքանչյուր խաչքար իր ներկայությամբ հանդիսանում էր տեղանքը նշող, սրբացնող և պաշտպանող. այս հիմնարար գործառույթներով է բացատրվում խաչքարերի կագնեցումը խաչմերուկներում և ճանապարհների եզրին, սահմանների վրա և տեղանքում գերիշխող դիրք ունեցող բարձունքներին, ժայռազանգվածների վրա և աղբյուրների մոտ: Այսպիսով, խաչքարերը իրականացրել են և գործառույթներ, որոնք դուրս են եղել նրանց կանգնեցման կոնկրետ նպատակներից: Ժամանակի ընթացքում պատմա-մշակութային զանազան հանգամանքների բերումով խաչքարի բուն ¥կանգնեցնողների կանխատեսած¤ գործառույթը կարող էր մոռացվել և նոր վերագրումներ ստանալ, ինչը հնարավոր է դարձնում հետևել նաև խաչքարի զուտ ժողովրդական և հետսագույն դերակատարումներին: Ըստ ժողովրդական ՙդասակարգման՚ ամենամեծ հեղինակությունը վայելում էին հիվանդություններ բուժող խաչքարերերը, հատկապես նրանք, որոնք կոչվում էին ՙԱմենափրկիչ՚` տվյալ դեպքում նկատի ունենալով, որ դրանց կարող էին դիմել ցանկացած հիվանդության դեպքում: ՙՄասնագիտացված՚ խաչքարերի շարքում լայն տարածում ունեին ՙկապույտ խաչերը՚, ՙհազախաչերը՚ և ՙթալալոց՚ կոչվող խաչքարերը: Վերագրյալ գործառույթ իրագործող խաչքարերի հաջորդ խումբը կազմում են այսպես կոչվող ՙՑասման խաչերը՚, որոնց հիմնական գործառույթը բնական աղետների կանխումն էր: Մերօրյա ազգագրական դիտարկումները հիմք են տալիս ենթադրել, որ որոշ խաչքարերի էլ վերագրվել է վախ չափելու գործառույթ: Վերագրյալ գործառույթներըª ի տարբերություն խաչքարերի կանգնեցման ժամանակ ակնկալվող նպատակների ու գործառույթների, շատ ավելի միագիծ և նյութականացված-օգտապաշտ են: Խաչքարը նման դեպքում կորցնում էր հոգևոր և անձնավորված բնույթի գործառույթները, և պահպանում միայն համայնական-ընդհանրական գործառույթը, որի դեպքում նրա քանդակային հորինվածքը, գեղագիտականից բացի, այլ նշանակություն ունենալ չէր կարող:
Տարածված երևույթ էր խաչքարը սրբի անունով կոչելը` Աստվածածին, Սարգիս, Գևորգ, Պողոս, Պետրոս, Ստեփանոս, Հովհաննես, Գրիգոր, Քրիստափոր և այլն: Երբեմն դրանք կրում են և սրբի պատկերաքանդակը: Անվանակոչության հիմքերից մեկն այն էր, որ խաչքար կանգեցնողը նրան տալիս էր իր անվանակից սրբի անունը: Նման խաչքարերից ակնկալվում էր և° խաչի և° համապատասխան սրբի միջնորդությունը: Սրբի անունը կրող խաչքարերը զուգադրում էին նաև խաչի և տվյալ սրբին վերագրվող գործառույթները. Աստվածածին խաչքարերը բարեբախտություն էին պարգևում ընտանիքներին ու մայրերին, սուրբ Սարգիս խաչքարերն օգնում էին ազատվել գերիներին ու բանտարկյալներին, սուրբ Գևորգ խաչքարերը ուժ ու անվախություն էին շնորհում զորականներին և այլն: