Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Խաչքարային հորինվածքի կենացծառային իմաստաբանությունը, խաչքարը որպես հայաշխարհի ընդհանրական մոդել
Դեռևս վաղ միջնադարից սկսած` խաչը համեմատվում և հակադրվում էր Եդեմի այգու կենաց ծառին: Պատկերացումների մի ընդարձակ շարքի համաձայն եկեղեցին իրենից ներկայացնում է նոր դրախտը, իսկ խաչը` նոր կենաց ծառը: Ընդ-որում, եթե դրախտային կենաց ծառն արգելված պտուղներ էր կրում կամ արգելափակված էր քերովբեների կողմից, ապա նոր կենաց ծառի ամենաբնորոշ հատկանիշներից մեկը նրա բաց, ազատ, մատչելի լինելն է, գաղափար, որ հսկայական դեր է խաղացել և խաչքարերի բաց-մատչելի տեղադրության գործում: Միջնադարի հայ դավանաբանական միտքը խաչը ներկայացնում է որպես ոչ բնական, աստվածաստեղծ մի ծառ, որը համադրում է բոլոր հայտնի ՙբնական՚ ծառատեսակների ու բույսերի ¥բրաբիոն ծաղիկ, Լիբանանի մայրի, սոսի, նոճի, արմավենի, թզենի և այլն¤ լավագույն հատկանիշները: Ծառային-ծաղկային այս հենքի վրա խաչը նախ և առաջ կարևորվում է նրանով, որ այն իր վրա է կրում ՙկենաց պտուղը՚` պատարագված Քրիստոսը, որով և նա դառնում է կենաց ծառ: Կարելի է հավաստել, որ խաչքարային հորինվածքն էլ պատկերելով խաչը արմավենու, ձիթենու, շուշան ծաղկի և մի շարք այլ` հստակորեն չտարբերակվող բուսական հավելումներով ու համադրություններով, լրիվ համահունչ է միջնադարյան մեկնիչների հետ: Սակայն կարելի է նաև փաստել, որ խաչքարային հորինվածքը շատ ավելին է ներկայացնում, քան թվարկում են մեկնիչները: Խաչքարային հորինվածքը համադրում է սուրբգրքային-դրախտային ծառատեսակները, ծաղիկներն ու պտուղները հայկական այգային-դրախտային ծառերի ու պտուղների հետ (խաղողենի, նռնենի, խնձորենի և դրանց պտուղները, երիցուկներ և այլն), համարյա ճիշտ այնպես, ինչպես հայ միջնադարը Քրիստոսի այգեգործ կերպարը համադրում էր բարի այգեպան-արքայի կերպարի հետ, կամ դրախտային կենաց ծառը խաղողի որթի հետ: Այսու, խաչքարային հորինվածքը հայտնի չափով համադրում է քրիստոնեական դրախտային-այգային պատկերացումները հայկական ժողովրդական այգային-դրախտային պատկերացումների հետ:
Միաժամանակ խաչը միայն և միայն եզակի է, այն երկրի և տիեզերքի միակ ծառն է: Խաչը ներկայանում է որպես երկրի վրա աճած և իրենով երկիրը, երկինքը և երկնքի ու երկրի միջև ընկած ողջ տարածքը լցրած, տիեզերքի մեջ կանգնեցված և տիեզերքը փրկող ծառ: Նման ընկալումների պայմաններում խաչքարային հորինվածքում խաչը չէր կարող պատկերվել որպես փայտի մի սոսկական կառույց, այն պիտի որ տեսանելի կերպով ցուցեր աճելու-ծաղկելու և առավել ևս պտղաբերելու աստվածային իր զորությունը` լիներ տերևակալած, ծաղկած, բայց միաժամանակ և պտղակալած, ինչպիսին որ պիտի լինի հավերժական դրախտային կենաց ծառը: 12-14-րդ դդ. խաչքարային դասական հորինվածքը թփակալած-ծաղկած, բայց և պտղավորված է ներկայացնում ոչ միայն խաչը, այլև խաչի միջավայրը: Եթե մինչև 11-րդ դ. խաչի ծաղկել-պտղավորելու, ընդհանրապես ծառային բնույթը ցուցվում էր վերագրումներով ու վերադրումներով, ապա խաչքարային հորինվածքի վերջնական ձևավորումով բուսական կերպավորում ստացավ և խաչն ինքը. նրա յուրաքանչյուր թևը ստացավ երկուական ճյուղավորում, որոնք իրենց հերթին ավարտվում էին խաղողի եռատերևի և ծաղկաբողբոջի համադրումով ստացված զարդով: Սրանից հետո արդեն խաչքարային հորինվածքը, որպես կանոն, ներկայանում է նման ՙծաղկուն՚ խաչով, որը կանգնած է երկրի վրա, բայց որի գագաթը երկնքում է, այն տերևակալած-ծաղկուն է, բայց նաև պսակվում է պտուղներով:
Խաչքարային հորինվածքը նկարագրելիս տեսանք, որ այն ունի եռամաս կառուցվածք, որի միջնամասը զբաղեցնում է բուն խաչ-ծառը, ներքևը խորհրդանշում է երկիրը, վերևըª երկինքը: Խաչ-ծառն իրենով ցուցում է ներքևն ու վերևը, վիշապին ու աստծուն, ձախն ու աջը, աշխարհիկն ու սրբազանը, անցյալն ու ապագան, մահն ու անմահու-թյունը, դասդասում և աստիճանակարգում է բույսերը, կենդանիները, մարդկանց ու սրբերին, այսինքն ակնհայտորեն երևան է բերում համաշխարհային կամ տիեզերական ծառի մի շարք հատկանիշները: Հայ միջնադարում դժվար է մատնացույց անել մշակութային որևէ այլ դրսևորում, որն այսքան հստակորեն, մանրամասնորեն ու հետևողական կերպով ներկայացնի աշխարհի մասին հայ հանրույթի հիմնարար-ընդհանրական պատկերացումները: Այս ամենը հիմք է տալիս հավաստելու, որ խաչքարը հանդիսանում է աշխարհի ընդհանրական հայեցակարգի միջնադարյան հայկական հարացույցը կամ մոդելը:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը