Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Այգի-խաղողուտը
Խաչքարային հորինվածքը պահպանեց և լայնորեն կիրառեց դեռ վաղմիջնադարում մշակված խաչի` որպես խաղողի որթի և հնձանի պատկերագրությունն ու խորհրդաբանությունը: Երկու դեպքում էլ խաղողն ուներ նաև աստվածային պտղի և արյան խորհրդաբանություն, որի վկայություններն են պտուղները վալելող և հավատացյալներին խորհրդանշող զանազան թռչունները, խաղողի ողկույզների համադրումը գինու սափորների հետ, կամ էլ ողկույզների փոխարինումը գինու սափորներով: Նույնը կարելի է ասել և նռան քանդակի մասին, որը լայն կիրառություն գտավ 12-րդ դ. սկսած: Խաչքարային հորինվածքում նռան պտուղների նման ընդարձակ կիրառությանը գինեբեր լինելու ընկալումներից զատ նպաստել է և նռան պտուղների` դառը կեղևի տակ քաղցր հատիկներ թաքցնելու քրիստոնեական այլաբանությունը: Խաղողի որթն ու ողկույզները, նռնածառերն ու պտուղները զուտ քրիստոսաբանական խորհրդաբանությունից զատ, նաև լավագույն վկայությունն են հայերի այգային աշխարհընկալման, որը ձևավորված ենք գտնում առնվազն ուրարտական ժամանակներից սկսած և որի կայուն զարգացումը դիտելի է համարյա ողջ միջնադարի ընթացքում:
Եթե նկատի ունենանք, որ երկնային այգին ժամանակների վերջում տիպաբանորեն նույնական էր Ադամի մեղքով կորուսված այգու հետ, ապա կարող ենք հավաստել, որ խաչքարերի խորանների վերնամասն ու քիվը` իրենց խաղողա-նռնային պատկերագրությամբ և այգին վայելող զանազան թռչուններով ներկայացնում են երկնային դրախտը, ուր պիտի հայտնվեն արդար հավատացյալների հոգիները: Այսպիսով, կարելի է հավաստել, որ խաչքարային հորինվածքը ներկայացնում է և հայ ինքնության ամենահայտնի համալիրներից մեկը` այգի-խաղողուտըª խաչին տալով խաղողի վազի կամ հնձանի, իսկ խաչքարի վերնամասին ու քիվինª երկնային դրախտի իմաստաբանություն: