Խաչքարային Հորինվածքի Կառուցվածքն ու Իմաստաբանությունը
Հորինվածքի կառուցվածքը, համաչափությունը և անհամաչափությունը
Խաչքարային հորինվածքի կառուցվածքը պայմանավորված է ձգված համամասնություններով խաչով, որը ենթադրում է հորինվածքի ծավալում ուղղաձիգ և հորիզոնական առանցքներով` ուղղաձիգ առանցքի շեշտվածությամբ: Խաչը հորինվածքի ուղղաձիգ առանցքում ոչ միայն կենտրոնական, այլև միջակա դիրք է գրավում: Այն հենվում է ուղղաձիգ (և/կամ հորիզոնական) արմավազարդի և նրանից ներքև գտնվող վարդյակի (եռանկյունու, պատվանդանի, աստիճանների, կամարաշարի, եկեղեցական կառույցի և այլնի) վրա: Խաչից ներքև (կամ խաչի ներքնահատվածում) են պատկերվում Ադամը և մահկանացուները, կենդանիները, ջրային կամ գետնակյաց թռչունները, սողունները: Խաչի վերնամասում են տեղադրվում խաղողի ողկույզները, նռան քանդակները կամ դրանք նմանակող զարդերը: Խորանի վերնամասում կամ նրանից անմիջապես վերև գտնվող քիվի վրա պատկերվում են արևը և լուսինը, Քրիստոսը, Աստվածածինը, զանազան սրբերը, բարձր սավառնող կամ դրախտային համարվող թռչունները: Խաչից ներքև և վերև տեղադրվող այս բաղադրիչներն ու տարրերը հավաստում են, որ խաչքարային հորինվածքն ունի ուղղաձիգ եռամաս կառուցվածք :
Խաչքարային հորինվածքի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ եռամաս կառուցվածը հստակորեն դիտելի է նաև նրա հորիզոնական առանցքով: Ընդ-որում, այդ եռամասնությունն էլ ոչ միայն ենթադրելի է` շնորհիվ խաչի կառուցվածքի (ուղղաձիգ առանցք և աջ ու ահյակ թևեր), այլև տեսանելի է` շնորհիվ մի շարք հորինվածքային բաղկացուցիչների` աջ ու ձախ արմավազարդեր (խաղողի ու նռան պտուղներ, լուսային նշաններ, զույգ թռչուններ և այլն), աջ ու ահյակ խաչեր, ուղղաձիգ եզրագոտիներ և այլն: Այս եռամասնությունը կարելի է վավերացնել նաև հորինվածքի ուղղաձիգ այլ բաղկացուցիչների` քիվի և խաչատակի մակարդակով:
Բազմաթիվ խաչքարերում հորինվածքը, եթե նկատի չունենանք տեխնիկական շեղումները կամ անկատարությունը, ներկայանում է որպես կառուցվածքային և զարդային համաչափության օրինակ: Բայց քիչ չեն և այն խաչքարերը, որոնց հորինվածքում` հորիզոնական կառուցվածքային համաչափության պայմաններում, ակնհայտ է զարդային անհամաչափությունը, որի հիմքում ընկած է աջի և ձախի քրիստոսաբանական ընկալումը:
Այսպիսով` խաչքարային հորինվածքը որպես սկզբունք ունի ուղղաձիգ և հորիզոնական եռամաս կառուցվածք, հորիզոնական կառուցվածքային (երբեմն էլ զարդային) համաչափություն և ուղղաձիգ կառուցվածքային և զարդային անհամաչափություն: