10-րդ դ. վերջի և 11-րդ դ. սկզբի որոշ խաչքարերում արդեն դիտելի է բուն խաչքարային ոճի ձևավորման հեռանկարը, որն ավելի է համապատասխանում սալաքանդակի տրամաբանությանը` կոթողայնության զուգորդում դեկորատիվության հետ: Այդ գործընթացի առաջին փուլում դեռ պահպանվում է քանդակի հստակ տարանջատումը ետնախորքից, բայց քանդակն ինքը դառնում է ավելի զարդարուն ու բուսաերկրաչափական ¥Արուճ, Սանահին, Ծովակ, Մարմաշեն, Վերին Ճամբարակ¤: Խաչի թևերի եռաբլթակները որոշ օրինակներում վեր են ածվում եռաբողբոջների` շեշտելով բուսականացման հեռանկարը: 11-րդ դ. իր մի քանի դրսևորումներն ունեցավ և ճարտարապետական կամարի մեջ ներառված հորինվածքը ¥Ցաղաց Քար, Հավուց Թառ, Արուճ, Բյուրական, Անի, Աշտարակ, Կարմիր վանք¤: Մի շարք խաչքարեր երևան են բերում խաչատակի արմավազարդի ավելի լայն ծավալում, ինչի հետևանքով որոշ հորինվածքներում խաչը համարյա հավասարաթև է դառնում: 11-րդ դ. բնորոշ է հորինվածքների համատարած ՙարմավայնացումը՚` խաչի արմավենաՃյուղ թևեր, հորինվածքի վերևից ու ներքևից աճող արմավազարդեր, լայնաժապավեն հյուսվածքներ: Ուղղաձիգ և հորիզոնական արմավազարդերի ընձյուղները ժապավենազարդով կապելը, ընձյուղների փոխհյուսվելը վկայում են, որ ընդօրինակման առարկա էին դառնում ոչ միայն ոստայնագործական ու ոսկերչական արհեստի նմուշները, այլև զանազան բույսերից ծիսական նպատակներով գործվող և օգտագործվող փնջերը, պսակներն ու խաչբուռները:
11-րդ դ. խաչքարային մշակույթում առանձնակի են կանգնած Խծկոնքի և Ցաղաց քարի խաչքարերը, որոնք ամփոփում են ասպարեզում ձեռք բերած նվաճումները և ակնարկում հետագա զարգացման միտումները: Նրանց քանդակները սկիզբ դրեցին հորինվածքի մի կառուցվածքի ¥խաչատակի վարդյակ, ուղղանկյուն խաչախորան և խորանը վերևից ու կողքերից եզերող առանձին ուղղանկյունիներից կազմված գոտի¤, որի հիմնակմախքն աննշան փոփոխություններով հարատևեց մինչև 17-18-րդ դդ.: Երկրորդ կարևոր նորամուծությունը, որ դարձավ խաչքարային արվեստի բնութագրական գիծը, ելնդավոր գծի օգտագործումն էր որպես հիմնական հորինվածքաստեղծ և հորինվածքի բաղադրիչները տեսանելի կերպով իրար կապող միջոց: Ի դեմս Խծկոնքի ունենք նաև առաջին որմնափակ խաչքարերը: 11-րդ դ. այս օրինակները, չնայած եզակի դսևորումներ ունեցան դարի երկրորդ կեսում ¥Բջնի, Վահանավանք, Ցաղաց Քար¤, դարձան այն հիմքը, որի վրա 12-րդ դ. կեսերից խաչքարային մշակույթն ապրեց իր բարձրագույն ծաղկումը:
11-րդ դ. կարելի է վերագրել կարծր քարատեսակների` չեչաքարի և մարմարատիպ կրաքարերի քանդակմանն ուղղված տեխնիկայի երևան գալը, որի դեպքում զարդերը ստացվում են բացառապես խոր փորագրության միջոցով: Արդյունքում հարթ մակերևույթի վրա ստացվում էին կտրվածքում եռանկյուն փորածո ակոսով կազմվող նախշեր: Հորինվածքն այս դեպքում ունենում է պարզունակ ձևեր և համեստ հարդարում: