Գլխավոր էջ   Կապ   Մեր մասին   In English  
Khachkar.am       Որոնում
  Նորություններ
  Վտանգված խաչքարեր
  Խաչքարի ծագումը
  Տիպաբանությունը
  Խաչքարի գործառույթը
  Հիմնական բաղկացուցիչները
  Իմաստաբանությունը
  Առնչությունները
  Տեսադարան
  Մատենագրություն
Օգտագործման պայմանները
Նորություններ
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚ մենագրությունը
Խաչքարի Տիպաբանությունն ու Ժամանակագրությունը
Առաջին խաչքարերը (9-10-րդ դդ):
Խաչի ժողովրդականացումն ու խաչային հորինվածքը 7-րդ դ. արդեն կայացած փաստեր էին, սակայն առաջին խաչքարերը երևան եկան միայն 9-րդ դ.: Նման ուշացման հանգամանքների մանրամասն քննությունը հավաստում է, որ խաչքարերի ձևավորման և սկզբնական զարգացման ընթացքը պետք է դիտարկել ոչ թե զուտ արվեստագիտական, այլ որպես քաղաքական-դավանական ու արվեստագիտական գործընթացների հանրագումար: Հայաստանում արաբական քաղաքական ծանր լծի ու դավանական բացահայտ անհանդուրժողականության պայմաններում բացօթյա կոթողների զարգացման, առավել ևս նոր տիպերի հայտնվելու համար չկային բավարար պայմաններ, և խաչքարերը երևան եկան արաբական լծի թուլացմանը զուգահեռ` դառնալով երկրում ընթացող քաղաքական-դավանական տեղաշարժերի արձագանքը: Այս դարերը խաչքարի ճարտարապետական արտաքինի, հորինվածքի կառուցվածքի ու արձանագրական տեքստի ձևավորման փուլն են կազմում:
Առաջին խաչքարերի ձևավորման ընթացքն սկսվում է հարթ մակերեսի վրա վաղմիջնադարյան կոթողների ու հորինվածքների ՙարտապատկերումով՚ և ավարտվում կամարաձև կամ ուղղանկյուն խորանի մեջ ներառվող նոր հորինվածքի առաջացումով, որը ներկայանում է կլոր վարդյակի և արմավա-տերևային զարդի վրա հենված խաչով, խաչի վերին թևից կամ խորանի վերնանկյուններից դեպի խաչահատումն իջնող խաղողի ողկույզներով կամ արմավազարդերով, հորինվածքի տարբեր հատվածներում տարատեսակ թռչնաքանդակների տեղադրումով: Խաչը նույնպես անցնում է ձևափոխման որոշակի ճանապարհª երկբլթակ վերջույթներից մինչև եռաբլթակ երկատումները, անքանդակ-հարթ թևերից դեպի կտրվածքում եռանկյուն ակոսներն ու արմավային ու շուշանային ձևավորումները: Ոճական առումով 9-10-րդ դդ. խաչքարերի ամենաբնորոշ գիծը քանդակի կոթողայնությունն է, որն արտահայտվում է հորինվածքի և ետնախորքի հստակ տարանջատումով, ինչը տեխնիկապես իրագործվում էր առանձին քանդակատարրի շրջակայքը խորը շերտով հեռացնելու միջոցով: Հարթ և անզարդ ետնախորքի վրա տեղադրված հորինվածքն ամբողջությամբ կամ նրա առանձին մանրամասները, կարծեք, ոչ թե պատկանում են նույն քարին, այլ վերադրվել են նրա վրա: Հորինվածքի ամբողջական ընկալումը ապահովվում է նախ և առաջ բոլոր մանրամասների ընդգծված ելնդավորության շնորհիվ: Վաղ խաչքարերում ակնհայտ է հյուսածո քանդակի բացակայությունը. հորին-վածքի առանձին մանրամասները ոչ թե հյուսվում, այլ կցվում-հպվում են իրար, դեռևս գտնված չէ դրանք իրար հետ շաղկապելու ավելի տեսանելի կամ անկապտելի ձև: Քանդակի բնագավառում այս անվարժությունը հաղթահարվեց համարյա մեկ հարյուրամյակի ընթացքում. համամասն ու մանրամասնորեն քանդակված հորինվածքները երևան եկան միայն 10-րդ դ. վերջերին և 11-րդ դ.:
Խաչքարի առանձնահատուկ գծերից մեկն էլ, որ երևան եկավ առաջին օրինակների հետ` արձանագրությունն է: Վաղ արձանագրությունների քննությունը պարզում է, որ առաջին խաչքարերի զգալի մասը կանգնեցվել է երկրի ազդեցիկ քաղաքական ու հոգևոր դեմքերի կողմից և ուներ ընդհանրական-համայնական գործառույթ:

Տեսադարան
Khachkar.am ինտերնետային կայք
www.khachkar.am/ | էլ. փոստ: [email protected]
Ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ֆինանսական աջակցությամբ
Հեղինակային իրավնունքները պատկանում են Կենաց Ծառ հասարակական կազմակերպությանը